National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.11.2014
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
1 / 6

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը նոր որակ է հաղորդել Հայաստան-Արցախ միջպետական հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ միասնական կամքը եւ ընդունված ու ընդունվելիք որոշումների հետեւողական իրականացումը ամուր հիմք են հանդիսանում Հայաստան-Արցախ փոխգործակցության հետագա զարգացման համար: Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդիրը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, եւ այդ ուղղությամբ ձեռքբերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է արժանանա Լեռնային Ղարաբաղի բնակիչների հավանությանը: ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների անունից ողջունել է ներկաներին եւ նշել, որ նախորդ նիստի ժամանակ արդեն ուրվագծվել է այսօրվա հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը: ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հունիսին Ստեփանակերտում կայացած քննարկումները բերել են այն ընդհանրական տեսակետին, որ համագործակցության հիմնական ձեւաչափը նպատակահարմար է տեղափոխել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի եւ թեմատիկ քննարկումների դաշտ: Աշոտ Ղուլյանն իր խոսքում անդրադարձել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին եւ այդ համատեքստում բարձր է գնահատել ՀՀ պատվիրակությունների կատարած աշխատանքը: ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին ջերմ ընդունելության ու արդյունավետ քննարկումների մթնոլորտ ստեղծելու համար: Այնուհետեւ նիստի մասնակիցներն անդրադարձել են օրակարգային հարցերին:

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները ամփոփել են համատեղ նիստերը եւ քննարկումները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է վերջին երկու համատեղ նիստերին կատարված աշխատանքը եւ նշել, որ այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ, եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նույնպես արդյունավետ է գնահատել նախորդ հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցելու երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մակարդակով:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարեւորել է ստորագրված հուշագիրը, որով երկու հանրապետությունները դիտարկվում են որպես ընդհանուր կրթական տարածք, որի կենտրոնը Շուշին է: Պարոն Դավթյանը կարեւորել է ԼՂՀ ԱԺ ներկայացուցչի մասնակցությունը Երիտասարդական խորհրդարանի աշխատանքին: Նա նշել է, որ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ցուցահանդեսն անցկացվել եւ լայն արձագանք է գտել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Արցախում:

Այնուհետեւ քննարկվել է օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին եւ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների հաշվետվություններին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում տիրող իրավիճակը, հայկական պատվիրակությունների ներկայացվածությունը եւ գործունեությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, առաջարկել է նկատի ունենալ, որ այժմ Հայաստանը գտնվում է նոր իրողությունների դաշտում: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ անդամակցությունը ԵՏՄ-ին  որոշակի փոփոխություններ է բերում իր հետ, եւ նախապատրաստական աշխատանքների կարիք կա: Տիկին Նաղդալյանն առաջարկել է միջազգային հարթակներում միավորել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերը եւ արտահայտել մեկ միասնական դիրքորոշում: Նա նշել է, որ անհրաժեշտ է վարել նախաձեռնողական քաղաքականություն:

Երկու խորհրդարանների նախագահները  նիստի արդյունքներն ամփոփել են համատեղ ասուլիսում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am